«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ՈՒմո՞վ «Առա՛ջ, Հայաստան», եթե ոչ հայ գիտատեխնիկական ներուժով

ՈՒմո՞վ «Առա՛ջ, Հայաստան», եթե ոչ հայ գիտատեխնիկական ներուժով
01.02.2013 | 14:10

Արձագանքում եմ «Իրատես de facto» թերթի թիվ 5-ում տպագրված «Ժամանակն է, որ աշխարհը մեզ ճանաչի որպես համաշխարհային պրոբլեմներ լուծող ազգի» վերնագրով հոդվածին, որում արծարծվել էին հանրապետությունում արևային էներգետիկայի նոր ռազմավարության ձևավորման և զարգացման ուղղությունները:
Լիովին համամիտ եմ հեղինակի` տեխնիկական գիտությունների դոկտոր Վահան Համազասպյանի բարձրացրած հարցերի և բերված վերլուծականի հետ, չհաշված այն, որ նա մեղմ է մոտեցել և «խնայել» է մեր չինովնիկական «համաստեղությանը»:
Տեղյակ լինելով նրա ծավալած գործունեությանը` հեղինակին դասում եմ այսօրվա «գործող» լավագույն հայ գիտնականների, բազմապրոֆիլ գյուտարար-ինժեներների շարքին, որը ոչ միայն ի զորու է լուծելու Հայաստանի հելիոֆիկացիայի խնդիրը, այլև կարող է զարգացնել լայն հորիզոններ ունեցող մի ուղղություն` դրանից բխող բազմաբնույթ ոլորտներով:
Օրերս համացանցում «Ռեստորանն առաջարկում է ուտեստներ` պատրաստված «արևային» վառարանում» նյութը ինձ լրջորեն խորհելու և սույն հոդվածը գրելու առիթ տվեց: Այնտեղ նշվել էր, թե ինչպիսի հետաքրքրությամբ են զբոսաշրջիկները օգտվում Չիլիի Վիլասեկա գյուղում գործող արևային ինքնատիպ ռեստորանից, որտեղ բոլոր ուտեստները պատրաստվում են «արևային» վառարաններում: Իսկ այդ գյուղն արդեն մասսայաբար օգտագործում է շատ հասարակ կառուցվածք ունեցող արևային հելիոհամակարգերը:
Այնինչ այդ գաղափարը շուրջ 10 տարի առաջ տվել էր նույն ինքը` Վահան Համազասպյանը` առաջարկելով հելիոֆիկացնել Հայաստանի գյուղերն իր իսկ խմբի մշակած հելիոհամակարգերով: Դրանք ներկայումս արտերկրում արտադրվող հելիոհամակարգերի համեմատությամբ բազմաֆունկցիոնալ են, հեշտ շահագործվող և հուսալի: Նշված համակարգերը կարող են օգտագործվել տնտեսության` տաք ջրամատակարարման-ջեռուցման, գյուղմթերքների վերամշակման, ուտեստների պատրաստման, էլեկտրաէներգիայի, վառելիքի, ջրածնի ստացման ոլորտներում: Այնպես որ, արևային էներգետիկայի այս ոլորտը կարող է ռազմավարական նշանակություն ունենալ մեր հանրապետության համար, միջազգային ճանաչում բերել` նպաստելով մեր կայուն տնտեսական զարգացմանը:
«Եթե մենք այսօր էներգիայի կարիք չունենք (նախարարի խոսք` այն էլ էներգակիրների թանկացման այս պայմաններում), ապա հայ գյուղացին և շատ երկրներ ունեն դրա կարիքը»:
«Եթե այսօր այլընտրանքային էներգետիկայի ուսումնառությունը կրթական ծրագրերի մեջ չի մտնում, և աննպատակահարմար ենք գտնում… (կրկին նախարարի խոսք), ապա, միևնույն է, վաղը մեզ կստիպեն այդ ուղղությունը մտցնելու կրթական համակարգ»:
Ի դեպ, Եվրապառլամենտի ինդուստրիայի հարցերով կոմիտեն հրապարակմանը պատրաստ իր դիրեկտիվներում (միգուցե և արդեն հրապարակված) տեղ է հատկացրել նաև այս խնդրին, ըստ որի 2018 թվականի դեկտեմբերի 30-ից հետո Եվրամիության երկրներում բոլոր նոր կառուցվող տները պետք է ունենան արևային սարքավորումներ` հելիոհամակարգեր: Իսկ 2012 թ. ՄԱԿ-ի կազմակերպած Rio+20 ֆորումի բանաձևերում կանաչ էկոնոմիկային և կանաչ էներգետիկային անցման ծրագրի շրջանակներում հիմնականում կարևորվում է արևային էներգետիկան: Բնական է, որ մենք նույնպես ուշ թե շուտ պետք է օգտվենք արևից:
Տեղին է հիշել ՀՀ նախագահի խոսքը` խաղաղարար ուժեր Իրաք ուղարկելու ժամանակ. «Չպետք է մենք միշտ սպառողի դերում լինենք, այլ պետք է նաև գործող լինենք»: Կարծում եմ` ասվածը վերաբերում է նաև արևային էներգիայի օգտագործման ոլորտին` ուղղված Երկիր մոլորակի գլոբալ տաքացման այս պայմաններում արտանետումների նվազեցմանը:
Անդրադառնալով Չիլիի հելիոֆիկացված գյուղին` ակամայից առաջանում են բազում ինչուներ:
. Ինչո՞ւ առաջինը մենք չլինեինք և ինչո՞ւ արևային էներգետիկայի բնագավառում (արևային թերմալ և ֆոտովոլտայիկ ուղղություններով) չլինենք մենք, եթե փաստացի ունենք այդ բացառիկ հնարավորությունները: Չէ՞ որ երջանկահիշատակ Պարիս Հերունին էր (դեռևս 25 տարի առաջ) առաջինը մշակել արևային էլեկտրակայանը, իսկ 15 տարի առաջ պատրաստ էին Համազասպյանի առաջին սերնդի հելիոհամակարգերը: Եվս մի քանի տարվա հապաղում, և անվերադարձ կկորցնենք նաև այս ուղղությամբ առաջատար մեր դիրքերը և ստիպված կլինենք օլիգարխներից գնելու արտերկրից ներմուծվող հելիոհամակարգեր, իհարկե, ավելի թանկ և ոչ հուսալի:
. Ինչո՞ւ հաշվի չառնենք մեր բանիմաց գիտնականների և ինժեներների կարծիքներն ու առաջարկները, չվստահենք նրանց և պետական մոտեցում չցուցաբերենք: Այսօր մեծ ուշադրություն է դարձվում բարձր տեխնոլոգիաներին, և արդյունքը ունենք: Բայց հիշենք, որ համակարգչային ուղղության զարգացման հիմքը դրվել է շուրջ 60 տարի առաջ մեր նվիրյալ և հեռատես ղեկավարների ու գիտնականների կողմից:
. Ե՞րբ պետք է առկա, գրեթե «սիրողական» տնտեսությունից անցնենք նաև ֆունդամենտալ, հզոր ռազմավարական նշանակություն ունեցող ուղղությունների:
. Ինչպե՞ս կանխենք բոլորիս համար ցավալի, ամոթալի և պետության համար կործանարար արտագաղթը, եթե ոչ տնտեսության կայուն զարգացմամբ:
. Իսկ ի՞նչ ուժերով զարգացնենք մեր տնտեսությունը, եթե ոչ պետության զարդը համարվող իր իսկ գիտնականներով, ինժեներներով:
. Իսկ ումո՞վ «Առա՛ջ, Հայաստան», եթե ոչ հայ գիտատեխնիկական ներուժով, նրա մտքի, կարողության թռիչքով:
. Իսկ ինչի՞ն «հավատանք, որ փոխենք», եթե ոչ մեր բարձրակարգ մասնագետներին` նրանց հնարավորությունների արդյունավետ և նպատակային օգտագործմամբ:
. Իսկ ումո՞վ «ունենանք անվտանգ Հայաստան», եթե ոչ գիտատեխնիկական առաջընթացով:
Ի դեպ, տեղին է հիշել, որ ժամանակին (Ք.ա 3-րդ դարում) Սիրակուզայի (Սիցիլիա) պաշտպանությունը և նրա անվտանգության ապահովումը երկրի տիրակալ Հիերոնը վստահել էր գիտության հսկա Արքիմեդին: Կամ ԱՄՆ-ի նախագահ Ռուզվելտն ընդունեց դարի խոշորագույն ֆիզիկոս Ալբերտ Այնշտայնի առաջարկը, և ԱՄՆ-ը 1945 թ. դարձավ առաջին ատոմային տերությունը, թռիչքաձև զարգացող և աշխարհին թելադրող երկիրը: Եվ երրորդ օրինակը` 1940 թվականին Տիզարդը իր գիտատեխնիկական խմբով ստեղծեց ռադարը` փրկելով Անգլիան ֆաշիստական ռմբակոծումից և օկուպացումից։ Օրինակները շատ են:
Այսօր արևային էներգետիկան աշխարհի գրեթե բոլոր առաջատար երկրներում պետական ուշադրության կենտրոնում է: Արդեն կյանքի են կոչվել տարբեր կառուցվածքներով և հզորությամբ արևային էլեկտրակայաններ և հելիոսարքեր, որոնք իրենց պարամետրերով զգալիորեն զիջում են հայրենական մշակումներին և շահագործվող նմուշներին: Իսկ մեր առաջատար գիտնականը միայն փորձում է իր շնչառությունը վերականգնել և իրենից չամաչել տիրող արժեքային դեֆորմացիայի միջավայրում և միջակության մթնոլորտում: Նույնիսկ այս պայմաններում արևային էներգետիկայի ոլորտում դեռևս կարող ենք առաջատար դիրքեր և լուրջ դերակատարում ունենալ նշված երկրների շարքում.
. Եթե Արագածի լանջին ավարտին հասցնենք Պարիս Հերունու արևային էլեկտրակայանի (ԱՐԷԿ) կառուցումը և ձեռնամուխ լինենք նման 1,2 ՄՎտ և ավելի հզորությամբ ԱՐԷԿ-ների կառուցմանը, ինչպես մեր հանրապետությունում, այնպես էլ արտերկրում:
. Պետական մոտեցում ցուցաբերենք արդեն փորձարկված և զանգվածային թողարկման համար պատրաստ մինչև 100 կՎտ հզորությամբ հայրենական կոմբինացված հելիոհամակարգերի ֆունկցիոնալ հնարավորությունների ընդլայնմանը և արտադրության կազմակերպմանը, ինչպես ներքին շուկայի, այնպես էլ արտահանման համար:
. Կարողանանք համակարգել հանրապետությունում «արևային» ուղղությամբ աշխատանքներ ծավալող կազմակերպությունների, խմբերի, անհատ գիտնականների գործունեությունը` նրանց համախմբելով ընդհանուր նպատակի շուրջ, այն է` Հայաստանի տնտեսության զարգացում և գիտատեխնիկական առաջընթացի վերականգնում: Դեռևս ուշ չէ։


Գրիգոր ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
Տեխնիկական գիտությունների թեկնածու

Դիտվել է՝ 3143

Մեկնաբանություններ